Բուժական ծառայություններ
Գրանդ Ռեզորթ Ջերմուկ հյուրանոցա-առողջարանային համալիրում բուժական ծառայությունները սկսվում են անհատական մոտեցմամբ։ Յուրաքանչյուր բուժական ծրագիր մեկնարկում է բժշկի մասնագիտական խորհրդատվությամբ, ինչը հնարավորություն է տալիս ընտրել անհրաժեշտ բուժումները՝ ելնելով առողջական վիճակից, ապահովելով անվտանգ, արդյունավետ և նպատակային արդյունք։
Ախտորոշում
Ախտորոշումը բարձրորակ բուժման և արդյունավետ վերականգնման հիմքն է։
Ժամանակակից ախտորոշիչ մեթոդները հնարավորություն են տալիս ճշգրիտ գնահատել օրգանիզմի վիճակը, հայտնաբերել թաքնված խանգարումները և մշակել անհատական բուժման ծրագիր։
Համապարփակ մոտեցումն ապահովում է հիվանդությունների ճիշտ ժամանակին հայտնաբերում, բուժման ընթացքի վերահսկում և հնարավոր բարդությունների կանխարգելում։ Ճշգրիտ ախտորոշումն առողջության և ակտիվ կյանքի ճանապարհին առաջին և ամենակարևոր քայլն է։
Բալնեոթերապիա
Ջրաբուժությունը կամ Բալնեոթերապիան բժշկության ուղղություն է, որը հիմնված է բնական բուժիչ ռեսուրսների՝ առաջին հերթին Ջերմուկի հանքային ջրերի կիրառման վրա՝ օրգանիզմի առողջացման և վերականգնման նպատակով։
Հանքային լոգանքները, ցնցուղները, խմելու կուրսերը և այլ պրոցեդուրաներն ունեն համալիր ազդեցություն՝ բարելավում են արյան շրջանառությունը, կարգավորում նյութափոխանակությունը, ամրապնդում նյարդային համակարգը և բարձրացնում իմունիտետը։
Բալնեոլոգիական մեթոդները մեղմորեն ակտիվացնում են օրգանիզմի ինքնակարգավորման բնական գործընթացները՝ ապահովելով խորը և կայուն բուժում։
Ֆիզիոթերապիա
Ֆիզիոթերապիան բուժման և վերականգնման ժամանակակից մեթոդ է, որը հիմնված է բնական և արհեստականորեն ստեղծված ֆիզիկական գործոնների կիրառման վրա՝ ջերմություն, լույս, ջուր, ձայն և էլեկտրական իմպուլսներ։
Բուժումներն ուղղված են ցավի նվազեցմանը, բորբոքման թեթևացմանը, արյան շրջանառության բարելավմանը և հյուսվածքների վերականգնման գործընթացների արագացմանը։
Ֆիզիոթերապիան լայնորեն կիրառվում է ինչպես ինքնուրույն բուժման մեթոդ, այնպես էլ համալիր ծրագրերի շրջանակում՝ օգնելով արդյունավետ վերականգնել առողջությունն առանց ավելորդ դեղորայքային բեռնվածության։
Էլեկտրոֆիզիոթերապիա
Էլեկտրոֆիզիոթերապիան ֆիզիոթերապիայի մասնագիտացված ուղղություն է, որն իրենից ներկայացնում է տարբեր տեսակի էլեկտրական հոսանքների ազդեցությունը օրգանիզմի վրա։ Մեթոդը ներառում է պրոցեդուրաների լայն շրջանակ՝ էլեկտրոֆորեզ, դիադինամոթերապիա, ինտերֆերենց թերապիա և այլ մեթոդներ։
Էլեկտրական իմպուլսները խթանում են նյարդամկանային համակարգը, բարելավում են միկրոշրջանառությունը, նվազեցնում ցավը և ակտիվացնում հյուսվածքների վերականգնումը։
Էլեկտրոֆիզիոթերապիան առանձնանում է բարձր արդյունավետությամբ, նպատակային ազդեցությամբ և անհատական կարգավորման հնարավորությամբ, ինչն այն դարձնում է անփոխարինելի մեթոդ բուժման և վերականգնման գործընթացում։